Blog

Ձերբակալություն ․ ի՞նչ անել և ե՞րբ է անհրաժեշտ փաստաբան

Ձերբակալության առաջին ժամերը կարող են կարևոր լինել քրեական գործի հետագա ընթացքի համար։ Ներկայացնում ենք՝ ինչ անել, ինչից խուսափել և ինչ դեր ունի փաստաբանը։

Ձերբակալություն ․ ի՞նչ անել և ե՞րբ է անհրաժեշտ փաստաբան

Ձերբակալություն ․ ի՞նչ անել և ե՞րբ է անհրաժեշտ փաստաբան

Ձերբակալությունը քրեական վարույթի այն փուլերից է, երբ անձի առաջին գործողությունները կարող են էական նշանակություն ունենալ գործի հետագա ընթացքի համար։

Սթրեսային իրավիճակում մարդիկ երբեմն փորձում են անմիջապես բացատրություններ տալ, արդարանալ կամ ստորագրել իրենց ներկայացված փաստաթղթերը՝ առանց դրանց իրավական նշանակությունը լիարժեք հասկանալու։

Այդ պատճառով ձերբակալության դեպքում կարևոր է իմանալ հիմնական իրավունքները և հնարավորինս շուտ ստանալ մասնագիտական իրավաբանական օգնություն։

Ի՞նչ է պետք անել ձերբակալության դեպքում

Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել՝

  • ինչ հիմքով է անձը ձերբակալվել,

  • որ մարմինն է իրականացնում վարույթը,

  • ինչ կարգավիճակ ունի անձը,

  • ինչ արարքի կամ կասկածանքի մասին է խոսքը։

Անձն իրավունք ունի տեղեկացված լինելու իրեն ազատությունից զրկելու պատճառների և իր իրավունքների մասին։

Մի՛ շտապեք ցուցմունք տալ առանց իրավիճակը հասկանալու

Ձերբակալված անձը չպետք է կարծի, որ պարտավոր է անմիջապես պատասխանել իրեն տրվող յուրաքանչյուր հարցի։

Մինչև մանրամասն ցուցմունք տալը նպատակահարմար է հասկանալ մեղադրանքի կամ կասկածանքի էությունը և խորհրդակցել փաստաբանի հետ։

Նույնիսկ այն բացատրությունը, որը տվյալ պահին անվնաս է թվում, հետագայում կարող է գնահատվել այլ ապացույցների համատեքստում։

Ինչո՞ւ է փաստաբանի արագ ներգրավումը կարևոր

Փաստաբանը կարող է՝

  • պարզել ձերբակալման իրավական հիմքը,

  • հանդիպել պաշտպանյալի հետ,

  • բացատրել նրա իրավունքները,

  • մասնակցել վարութային գործողություններին,

  • հետևել դատավարական երաշխիքների պահպանմանը,

  • անհրաժեշտության դեպքում ներկայացնել միջնորդություններ և բողոքներ,

  • մշակել պաշտպանության սկզբնական ռազմավարությունը։

Քրեական գործերում առաջին ժամերը հաճախ հատկապես կարևոր են, քանի որ հենց այդ ժամանակ կարող են իրականացվել հարցաքննություն, խուզարկություն և այլ վարութային

գործողություններ։

Կարելի՞ է հրաժարվել փաստաբանից

Անձի կողմից փաստաբանից հրաժարվելու որոշումը պետք է լինի գիտակցված։

«Ես անմեղ եմ, հետևաբար փաստաբան ինձ պետք չէ» մոտեցումը կարող է սխալ լինել։ Փաստաբանի գործառույթը միայն մեղավոր անձին պաշտպանելը չէ։ Նա պետք է ապահովի նաև, որ վարույթն իրականացվի օրենքով սահմանված կարգով և անձը կարողանա արդյունավետորեն օգտվել իր իրավունքներից։

Ի՞նչ պետք է իմանա ընտանիքը

Եթե ձեր ընտանիքի անդամը ձերբակալվել է, փաստաբանին հնարավորինս արագ փոխանցեք հայտնի տեղեկությունները՝

  • ձերբակալվածի անունը և ազգանունը,

  • երբ և որտեղ է նա ձերբակալվել,

  • որ իրավապահ մարմինն է իրականացրել ձերբակալությունը,

  • քննիչի անունը, եթե հայտնի է,

  • գործի կամ ենթադրյալ արարքի վերաբերյալ հայտնի տեղեկությունները։

Սա փաստաբանին հնարավորություն է տալիս ավելի արագ հասկանալ իրավիճակը և կազմակերպել իրավական օգնությունը։

Քրեական գործերով փաստաբան Երևանում

LEGAL C իրավաբանական ընկերությունը իրականացնում է պաշտպանություն քրեական գործերով և իրավաբանական օգնություն է տրամադրում քրեական վարույթի տարբեր փուլերում։

Եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամը ձերբակալվել է, հնարավորինս արագ փաստաբանի հետ խորհրդակցելը կարող է կարևոր լինել ձեր իրավունքների արդյունավետ պաշտպանության համար։