ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՆՈՐ ՓՈՓՈԽԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՆՑԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄ

2025 թվականի վերջին Կադաստրի Կոմիտեն հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր վերջին անգամ՝ մեկ տարի ժամկետով, երկարաձգել ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետները՝ հնարավորություն տալով այն քաղաքացիներին, որոնք նախկինում սահմանված ժամկետներում չէին հաշվառել իրենց կողմից մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունները։
Իհարկե, քննարկման ընթացքում հիմնականում շեշտը դրվում էր վերը նշվածի վրա, սակայն չէր խոսվում այն մասին, որ օրենքով նախատեսվում է կիրառել այնպիսի սահմանափակում, որով քաղաքացիների կողմից համայնքին կամ պետությանը պատկանող հողամասերում կառուցված ինքնակամ շինությունները օտարման կամ որևէ այլ տեսակի իրավունքով տրամադրման ենթակա չեն լինելու։
Խոսքը վերաբերում է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-489-Ն օրենքի 1-ին հոդվածի 3.1-րդ մասին։
Ստացվում է, որ եթե, օրինակ, քաղաքացին ունի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինություն, ապա այդ շինությունը՝ դրանով ծանրաբեռնված հողամասով հանդերձ, չի օտարվելու (տրամադրվելու) քաղաքացիներին, այլ օրինականացման դեպքում ենթակա է լինելու պետական գրանցման՝ որպես սահմանափակում (թե կոնկրետ ինչ սահմանափակման մասին է խոսքը, իրենք էլ ամենայն հավանականությամբ չգիտեն)։
Այս խնդրահարույց օրենքը ինքնին առաջացնում է մի շարք տրամաբանական հարցեր, օրինակ՝
1. «Ընդունենք՝ ինքնակամ կառույցը օրինականացվել է և Կոմիտեում գրանցվել է որպես սահմանափակում. ապա դրանից հետո այդ կառույցը ի՞նչ ճակատագիր է ունենալու՝ քանդվելու՞ է, ենթակա է լինելու օգտագործմա՞ն, թե՞ ոչ (իբրև թե ինչ-որ լուծում են գտել, բայց ավելի մեծ խնդիրներ են ստեղծել, որոնց մասին այս ամիսների ընթացքում կլսենք)»։
2. Հարկային օրենսդրության համաձայն, եթե քաղաքացին ունի հաշվառված ինքնակամ կառույց, ապա նա ունի այդ կառույցի մասով գույքահարկի վճարման հարկային պարտավորություններ։ Հիմա՝ մի կողմից ունի հարկային պարտավորություններ, մյուս կողմից պետությունը նրան ասում է՝ «ես քեզ ոչ մի իրավունքով այդ կառույցը չեմ տրամադրելու»։ Հիմա հարց՝ որտե՞ղ է արտահայտվում քաղաքացիների նկատմամբ արդարացի լինելու հանրահայտ սկզբունքը։ Պետությունը մի կողմից քաղաքացուն ոչինչ չի տալիս, մյուս կողմից ֆինանսական բեռ է դնում նրա վրա։
3. Հետո՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցն օրինականացնելու դեպքում, այդ կառույցը և դրանով ծանրաբեռնված հողամասը ի՞նչ իրավական կարգավիճակ են ունենալու հետագայում։
4. Ի՞նչ իրավունքներ է ձեռք բերում քաղաքացին օրինականացված գույքի նկատմամբ։
Բնականաբար, «իրավական պետություն ստեղծելու առաջամարտիկ և հիմնական աջակից» Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ սկսել է մերժել քաղաքացիների դիմումները՝ հղում անելով այս օրենքին (ինչպես միշտ՝ օրենքը լիարժեք չեն ընկալել. պետք է նախ օրինականացնես եղբայր կամ ոչ, իսկ պրոբլեմատիկ կարգավորումը կիրառելի է օրինականացված ինքնակամ կառույցների նկատմամբ)։
